«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր. այսօր անցկացվել է «Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխությունը։
Ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՏԻՄ համակարգի կազմավորման և ընթացիկ տարում գրանցած էական ձեռքբերումների համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Կապան, Ստեփանավան քաղաքային համայնքների և Ակունք գյուղական համայնքի ղեկավարները:
«Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխության արդյունքներով` լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքը։
«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքին:
«Կանաչապատ համայնք» է ճանաչվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքային համայնքը,մշակութային լավագույն քաղաքային համայնք` Շիրակի մարզի Արթիկ քաղաքը:
«Տարվա լավագույն համայնքային կայք» մրցանակին է արժանացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքը:
ՏԿ նախարարի պաշտոնակատար Վ. Տերտերյանը շնորհավորել է ՏԻ մարմինների ներկայացուցիչներին և համայնքների զարգացման, տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում արդյունավետ աշխատանք է մաղթել:
«Ակնհայտ է, որ 18 տարին բավարար ժամանակահատված է որոշակի եզրահանգումներ,արդյունքներ ձևավորելու համար, սակայն մյուս կողմից, հաշվի առնելով ՏԻՄ համակարգի բազմաշերտ ու բարդ համակարգ լինելը, անկասկած, փոքր ժամանակահատված է այս ոլորտում շատ արագ, վերջնական արդյունքներ գրանցելու համար:Բայց մենք պետք է հետևողական լինենք և մեր արդյունավետ աշխատանքով փորձենք լուծել համակարգի առջև ծառացած խնդիրները»,-ասել է Վ. Տերտերյանը:
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին ՏԻՄ համակարգի զարգացման առումով բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, մասնավորապես` կարևորելով Երևան քաղաքում ՏԻՄ համակարգի ներդրման ու զարգացմանն ուղղված աշխատանքները, որտեղ գործարկված շատ մոդելներ և մեխանիզմներ փորձ կարվի տարածել նաև հանրապետության մյուս համայնքներում:
«Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «Հայաստանի համայնքների միության» կողմից:
Աղբյուրը՝ tert.am
No comments :
Post a Comment