Friday, December 28, 2012

Ուզես,թե չուզես, մեկ է գալու եմ


Ամանորյա հրաշքին սպասում են գրեթե բոլորը` հատկապես փոքրիկները, ովքեր ամիսներ առաջ Ձմեռ պապիկին նամակ են գրում: Հիմնականում 21-րդ դարի երեխաները Ձմեռ պապիկից խնդրում են զգալի նվերներ: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ վերջիններս կամ անձամբ ճանաչում են իրական Ձմեռ պապին կամ էլ չափից ավելի խելացի են:
Վերադառնանք Ամանորյա հրաշքին. Մեծերն էլ են ցանկանում,որ իրականանան իրենց իղձերը,սակայն այդ ամենը քիչ կապ ունի գումարի ու Նոր տարվա շքեղ սեղանի հետ:
- Վա՜յ, չմոռանաս խոզի բուդը պետք է շուտ առնել, էս տարի Թառափ (асетрина) էլ եմ դնելու սեղանին, իմ սալաթները պետք է տարբերվեն մնացածների սալաթներից, թխվածքը պատվիրելու ենք, թե…, հա՜, չմոռանաս չրեղենի մասին… ջահնդամ թե պարտքով չեմ անելու Նոր Տարին` զատո սաղին կզարմացնեմ:
է՞լ որն ասեմ, է՞լ որը:
Ոչ բոլորն են սիրում Ամանորը, սակայն ճոխ սեղաններն ամեն գնով բացում են բոլորը` մոռանալով, որ գույություն ունի հունվար փետրվար, մարտ …, որի ժամանակ արդեն մտածում են գոյատևելու մասին միայն:
Արթիկում Ամանորյա տոնածառը վերջնական տեսքի բերվել է դեկտեմբերի 25 –ին, սակայն մի տարբերությամբ. կենտրոնական հրապարակի ամեն տարվա ցախ ավելի նմանվող տոնածառը քիչ թե շատ նմանվել է իրական տոնածառի, որի տակ կարելի է տեսնել նաև երեխաներին ու մեծերին զարմանալի թվացող Ձմեռ պապիկին:
- Ուզես, թե չուզես, մեկ է գալու եմ,- ասաց Ամանորը, ով տարին մեկ անգամ կրկնում է նույն խոսքերը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հեղինակ՝ Լիլիթ Բաբոյան

Friday, December 21, 2012

Տոներն են մոտենում

Լուսանկարիչ՝ Դավիթ Պետոյան

Ինչպես գիտեք, դեկտեմբերի 20-ին պաշտոնապես վառվել են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի փողոցների, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների  լույսերը: Հերթը մարզերինն է: 

Արթիկում  ևս սկսվել են տոնական նախապատրաստական աշխատանքները:
Այսօր տեղադրում էին Արթիկ քաղաքի գլխավոր տոնածառը: Այն դեռ վերջնական տեսքի բերված չէ:



Saturday, December 15, 2012

"Արթիկ" ասելով աշխարհում ի՞նչ են հասկանում



Մեր սիրելի քաղաքի անունը՝ Արթիկը, լատինատառ գրվում է նույն ձև Artik կամ լատինական արտասանությամբ՝ Art'ik : Չէ, հիմա չեմ պատրաստվում ասել, թե ինչ է նշանակում քաղաքի անունը: Մեր քաղաքի, պետության սահմաններից դուրս  Artik ասելով մարդիկ ի՞նչ են հասկանում: 
1. Artik-ը տպագրությամբ զբաղվող կազմակերպություն է: Ինչպես նրանք են ասում, չկա գովազդային այնպիսի մի տպագրություն, որ չկարողանան անել: artik.com-ը առաջին օնլայն խանութն է, որ ստեղծվել է Տորոնտոյում 1993թ.-ին: Կայքում տեղադրված ծրագրերի միջոցով ինքնուրույն կարող եք ստեղծել ու ձևավորել  այցեքարտեր, օրացույցեր և այլն ու ձեռք բերել դրանք: Տպագրության և դիզայնի ոլորտում մասնագիտացված այս ընկերությունն ունի ընդամենը 15 աշխատակից: Նրանց հաճախորդներից են Starbucks-ը, Տորոնտոյի համալսարանը, և այլն:

2. Artik - կանադական ընկերություն է, որն արտադրում է դռներ և պատուհաներ:



3. artik creamery-օրգանական պաղպաղակ, սորբետ (մրգային պաղպաղակ) և առանց կաթնամթերքի պաղպաղակ արտադրող ընկերություն է:
4. Artik Unit - համերգային տոմսերի վաճառքով և տուրիզմով զբաղվող գործակալություն է Ֆրանսիայում: Ստեղծվել է 2012թ.-ին:
5. ArtIk - նաև թուրքերեն բառ է, նշանակում է այլևս (անգլ. no longer, anymore):
6. Artik - Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի համար այն քաղաք է, որ գտնվում է Հայաստանում, Շիրակի մարզում:
Իսկ Արթիկ քաղաքում բնակվող հայի՝ Արթիկցու համար, կարծում եմ, "Արթիկ" -ն ավելին է, քան բառը, քաղաքի անվանումը:

Wednesday, December 12, 2012

Առաջին ձյունը



Դեկտեմբերի 8-ին ձմեռը թակեց Արթիկցիների դռները: Շնորհավորում ենք տարվա առաջին ձյունը:

Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:


Monday, March 26, 2012

Արթիկի պատմությունից

Photo by Gevorg Ghosalmyan

Արթիկ քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում՝ մոտ 25 կմ հեռավորության վրա Գյումրի  մարզկենտրոնից:                                                                      
Արձանագրություններից և այլ աղբյուրներց պարզվում է, որ Արթիկը կոչվել է նաև Յարդք (Լմբատավանք. 11-րդ դարի արձանագրություն), Արդիկ, Արդիք և այլն:  Ներկայիս «Արթիկ»  անվան վերաբերյալ կան տարբեր ստուգաբանություններ, որոնք տատանվում են երկու հիմնական տեսակետների շուրջ՝ « այր» և  «թիկ» և «Արագածին թիկնած»:
Ինչպես ամբողջ Հայկական լեռնաշխարհում, այնպես էլ Արթիկում հայտնաբերված մշակութային բազմապիսի հուշարձանները (դամբարաններ, զարդեղեն, գործիքներ, տարբեր կենցաղային իրեր) վկայում են այս տարածաշրջանի հնագույն բնակավայր լինելու մասին: Պեղված նյութերը կարևորագույն նշանակություն ունեն նախնադարյան հասարակարգի կենցաղավարության իրողությունների, աշխարհայացքի բացահայտման տեսանկյունից: 
Սակայն, որպես քաղաք, Արթիկը ձևավորվել է 1948թ-ին: Մինչ այդ՝ 1930թ-ին կազմավորվել է նոր վարչական շրջան՝ Արթիկ կենտրոնով: Ըստ էության՝ սրան նպաստեց «Արթիկտուֆ» ձեռնարկության հիմնադրումը, որի շնորհիվ շատ մարդիկ ապահովվեցին աշխատանքով, իսկ բնակավայրում բնակչության թիվը գնալով ավելի ու ավելի մեծացավ: Ի վերջո՝ արդեն 20-րդ դարի կեսերի Արթիկը ուներ քաղաքի կարգավիճակ՝ քաղաքային կյանքին բնորոշ իրողություններով:               
 Ինչ վերաբերում է քաղաքի ազգաբնակչությանը, ապա նրանց նախնիները գաղթել են 19-րդ դարի սկզբներին Բասենի, Խնուսի, Էրզրումի և հատկապես Կանի և Կարսի շրջաններից: Թերևս այստեղից է գալիս մեր լեզվամտածողությանը հատուկ  «կանցոնց և ղարսեցոնց մայլա» արտահայտությունները: 
Արթիկը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատակապես մշակութային տեսանկյունից: Խոսքը գլխավորապես վերաբերում է քաղաքի պատմամշակութային հուշարձաններին, որոնք առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեն հայ ճարտարապետության մեջ:    Այս տեսանկյունից առանձնանում են Լմբատավանքը, Սուրբ Գևորգը (7-րդ դ., « Մաստարա» տեսակի ամենամեծ կառույցն է Հայաստանում) և Սուրբ Աստվածածինը (5-րդ դար, Հայաստանի ամենավաղ գմբեթավոր կառույցներից է):   Լմբատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցի), որը գտնվում է Արթիկից 2կմ հարավ–արևմուտք, կառուցվել է 6-րդ դարում: Վերջինիս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ միավորված են երկու տեսակի խաչաձև հուշարձանների՝ եռախորան և միախորան եկեղեցու տարրերը: Բացառիկ են նաև որմնանկարները, որոնք, ըստ Լ. Դուրնովոյի, վաղ միջնադարյան լավագույն որմնանկարներից են: Աչքի են ընկնում գունային հրաշալի ներդաշնակությամբ ու հյութեղությամբ, կատարման բարձր վարպետությամբ: Կարևորագույն նշանակություն ունեն նաև վանքի արձանագրությունները:         
Այսօր Արթիկում որոշակի վերելք է նկատվում դպրոցաշինության, կրթության, մշակույթի ոլորտներում: Ժամանակակից արթիկցի երիտասարդությունը ամեն ինչ անում է քաղաքային կյանքը աշխուժացնելու, քաղաքի խնդիրները լուծելու համար (գործազրկություն, ներքաղաքային ճանապարհների վերանորոգում և լուսավորության խնդիրների լուծում, պատմամշակութային հուշարձանների վերականգում, մշակութային կյանքը աշխուժացնող հաստատությունների բացում և միջոցառումների կազմակերպում, բնապահպանական վիճակի բարելավում), որին ծառայում է հասարակական կազմակերպությունների ստեղծումը, համացանցում տարբեր խմբակների, բլոգների  միջոցով իրենց առջև դրված նպատակների իրագործումը: 

Անի Նահապետյան

Tuesday, March 20, 2012

Ողջույն

Ողջույն սիրելի արթիկցի և ոչ արթիկցի ընթերցող,

Photo by Bella Aslanyan
Այս բլոգի միջոցով ձեր առջև ենք բացում մեր հարազատ քաղաքի դռները: Այստեղ են հատվելու Արթիկի պատմական փաստերն ու այսօրվա անցուդարձը, այստեղ կծանոթանաք նրա մշակութային հարստության, քաղաքի կոլորիտին:
Բլոգում կլինեն զրույցներ հայտնի ու ոչ հայտնի արթիկցիների հետ:
Հնարավորինս կփորձենք բացահայտել, բարձրաձայնել քաղաքի խնդիրներն ու առաջարկել լուծման սեփական տարբերակները:
Կխոսենք նաև Արթիկի հնարավորությունների, զարգացման տենդեցների ու հաջողությունների մասին: